Տեքսը այստեղ
Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ նպատակով է օգտագործվում ջուրը երկրագնդի վրա:
Գետերի ու քաղցրահամ լճերի ջուրն օգտագործում են ոռոգման, կոմունալ կենցաղային նպատակներով: Մեծ քանակությամբ ջուր օգտագործվում է նաև արդյունաբերության տարբեր ճյուղերի համար:
2. Ինչո՞վ են աղտոտված երկրագնդի ջրերը:
Մարդու տնտեսական գործունեության հետևանքով՝ այսօր ջրային ավազանները, այդ թվում նաև՝ Համաշխարհային օվկիանոսը, աղտոտված են: Հատկապես մեծ չափերի է հասնում օվկիանոսների աղտոտումը տարբեր տեսակի նավթամթերքների արտանետումներից և գետերի բերած աղտոտված ջրերից:
3. Ջրային ավազաններն աղտոտումից պահպանելու համար ի՞նչ աշխատանքներ են կատարվում:
Ջուրն ունի մի հիանալի հատկություն. դա ինքնամաքրման ունակությունն է, որը կատարվում է աստիճանաբար՝ ջուրը հոսելու ընթացքում: Սակայն չափից ավելի աղտոտման դեպքում ջուրն այլևս չի կարող ինքնամաքրվել: Դա վերաբերում է հատկապես փոքր գետերին: Այս դեպքում մարդու միջամտումն այդ գործին դառնում է անխուսափելի, այլապես՝ քաղցրահամ ջրի խիստ պակաս կլինի: Ուստի պետք է ջրային պաշարները պաշտպանել հետագա աղտոտումից: Պետք է դադարեցնել կեղտաջրերի հոսքը դեպի ջրային ավազաններ: Այս ուղղությամբ հսկայական աշխատանքներ են կատարվում տարբեր երկրներում: Հատկապես տնտեսապես զարգացած երկրները մեծ միջոցներ են ծախսում արտանետված կեղտաջրերը մաքրելու համար: Կառուցում են ջրամաքրման կայաններ: Բոլոր խոշոր քաղաքներն ունեն ջրամաքրիչ կայաններ, այդ թվում՝ նաև Երևանը:
4. Ո՞րն է քաղցրահամ ջրի հիմնախնդիրը:
Մարդուն պիտանի քաղցրահամ ջրի ընդհանուր ծավալը մեր մոլորակի վրա չնչին է: Սակայն այս չնչին ծավալը չէ, որ մտահոգում է մարդուն, այլ՝ այն, որ ցամաքի վրա քաղցրահամ ջուրը բաշխված է խիստ նհավասարաչափ և բավականին աղտոտված է: Աշխարհի շատ երկրներում քաղցրահամ ջրի «սով» է, որը պատճառ է դառնում բազմաթիվ հիվանդությունների, խլում մարդկային կյանքեր:
5. Քաղցրահամ ջրի հիմնախնդրի լուծման ի՞նչ ուղիներ գիտեք:
Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը լուծելու համար մարդը փնտրում է տարբեր ուղիներ: Նախ՝ ամենագլխավորը քաղցրահամ ջրի խնայողաբար և արդյունավետ օգտագործումն է: Ջրային ավազանները պետք է պահպանվեն հետագա աղտոտումներից, և կեղտաջրերն առանց մաքրելու չպետք է լցվեն ջրային ավազաններ: Քաղցրահամ ջրի հիմնախնդրի լուծման ուղիներից է նաև օվկիանոսի ջրի աղազերծումը և օգտագործումը: Աշխարհի մի շարք երկրներում արդեն կառուցվել են օվկիանոսի ջրի աղազերծման կայաններ: Հիմնախնդրի մեղմման համար առաջարկում են նաև այսբերգների տեղափոխումը, հալեցումը և օգտագործումը:
