Ավետիք Իսահակյանը՝ Կոմիտասի մասին

Կոմիտասը ինձ ժամանակակից մարդ էր. «Եղբայր Սողոմոնը», ինչպես կոչում էինք նրան Գևորգյան ճեմարանում. տարիներ ապրել ենք նույն հարկի տակ, խոսել, կատակել: Ճամփորդել ենք միասին հայ գյուղերն ու ուխտատեղիները (Սևան, Հառիճ), ուրնա երգեր էր հավաքում: Եղել ենք միասին Եվրոպայում, Ստամբուլում. բայց այս ամենը թվում է ինձ ո՛չ իրական: Կոմիտասը ինձ համար հիմա լեգենդ է, հեռավոր առասպել, և նրա կյանքն ու փառապանծ գործը մի չքնաղ հրաշապատում։
Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է. նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը:

Ինչո՞վ է արժանացել նա մեր ժողովրդի այս բարձր գնահատանքին: Նա ո՛չ օպերաներ է գրել, ո՛չ օրատորիաներ, թերևս մի քանի արիաներ կամ ռոմանսներ միայն: Բայց ավելի մեծ գործ է կատարել, քան այդ բոլորը: Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը, ազգային մելոսը՝ ինքնուրույն, ինքնատիպ և անաղարտ: Նա հիմն է դրել ազգային երաժշտական կուլտուրայի:
Մարդիկ կային, հայեր և օտարներ, որոնք պնդում էին, թե հայ ժողովուրդը ազգային երաժշտություն չունի, թե նրա երգը նմանողություն է եվրոպականին, թրքականին, քրդականին…

Կոմիտասը անխոջ աշխատասիրությամբ, իր հանճարի ուժով, իր զարմանալի ինտուիցիայի շնորհիվ, նաև իր տեսական լուրջ պատրաստությամբ ապացուցեց հակառակը, ապացուցեց հայ երաժշտության ինքնուրույն գոյությունը՝ բխած հայ ժողովրդի հոգուց և դարերի միջով մեզ հասած: Նա դիմեց հայ երգի ակունքին՝ հայ շինականի, գեղջուկի, աշխատավորի երգին: Արարատյան դաշտի, Շիրակի, Վանի, Մուշի ժողովրդական երգերին: Նա ուզեց հայկական երկրի բնության մեջ, հայ գեղջուկի շրթունքներից լսել հայ եղանակներն ու երգի խոսքերը:

Նա խառնվեց այդ երգերը ստեղծող ժողովրդի հետ, ներձուլվեց նրա հետ. ներապրեց նրա երգերը և սրտով հասկացավ, որ հայ երգի ոճը թաքնված է ժողովրդի այդ երգերի մեջ, միայն պետք է մաքրել այդ երգերը օտարամուտ ժանգից ու անտեղի զարդերից, որոնք աղարտել էին հայ երգը: Եվ ցույց տվեց աշխարհին մեր ազգային երգը՝ մաքրած, ինքնուրույն և անաղարտ:

Կոլտուրական ժողովուրդները՝ ռուսները, ֆրանսիացիները, իտալացիները ընդունեցին հայ երաժշտության ինքնուրույնությունը և հիացմունքով տեսան մի նոր գեղեցկություն, մի նոր երգ, մի նոր համամարդկային հարստություն:

Հիշում եմ մի գեղեցիկ օր: Էջմիածնում հյուր էի Կոմիտասի մոտ. նստել էինք նրա փոքրիկ պարտեզում, ստվերաշատ տանձենու տակ: Կոմիտասը նոր էր գտել «Մոկաց Միրզան» և մշակել էր այդ էպիկական հուժկու երգը: Շատ ոգևորված և երջանիկ էր զգում իրեն այդ գյուտով: Կատարեց ինձ մոտ արվեստի բացարձակ կատարելությամբ: Ես հիացաց էի և նույնպես երջանկացած: Դեռ միչև այսօր ես հոգուս մեջ տեսնում եմ ոգևորված Կոմիտասին և լսում նրա սրտաբուխ ձայնը: Կոմիտասը հրապուրել, հմայել էր ինձ:

– Այս երգը շատ հին է,- ասաց նա,- հեթանոսական դարերից, թերևս: Տե՛ս, ի՜նչ հզոր ձայներ կան, ի՜նչ խրոխտ շեշտեր: Մեր բարձր լեռներից, շառաչուն ջրերից, խոժոռ ժայռերից են ծագում առել: Մեր քաջ նահատակների հոգուց է բխել այս առնական երգը: Այնքա՜ն հին է նա, որ անշուշտ Ձենով Օհանը երգել է, Սասունցի Դավիթը լսել…

Եվ ուրախությունից փայլում էին նրա աչքերը: Մեր գյուղական ժողովրդից վերցրած երգը Կոմիտասը բյուրեղացրած վերադարձրեց նրան: Այդ երգը եկավ քաղաք, բարձրացավ բեմերի վրա, հաղթական հնչեց բոլոր հանդեսներում:

Ուր որ հայ կա, այնտեղ է և Կոմիտասի երգը: Նրա երգով մեր ժողովուրդը ավելի գիտակցաբար զգաց իրեն, ավելի կապվեց իրար հետ, ինքնաճանաչեց: Հայ հասարակությունը զգաց աշխատավոր ժողովրդի վիշտն ու հրճվանքը, նրա աշխատանքի պաֆոսը, նրա սերը դեպի իր հայրենի բնությունը:

Կոմիտասը հայ երգով լույս աշխարհ հանեց դարերի խավարի մեջ կեղեքված ժողովրդի խուլ բողոքն ու ցասումը բռնության, ստրկության դեմ. Նրա խեղդված վիշտը, իրավազուրկ կյանքը և պայծառ ապագայի հանդեպ տածած հավատը…

Առաջադրանքներ

1. Ի՞նչ է ասում Իսահակյանը՝

ա․ հայ ազգային երգի մասին

բ․ Կոմիտասի մասին
Նա կոմիտտասի մասին ասում էր որ Գևորգյան ճեմարանում նրան անվամում էին Սողոմոն եղբայր։ Նրանք երկար ժամանակ ապրել էին մի հարկի տակ, նրանք միասին եղել են։ Նա հայտնագործել է ազգային երգը, հայկական երաժշտությունը։

2․Իսկ ո՞վ է Կոմիտասը քեզ համար։
Իսկաական հայի կերպար, ով իր հայրենիքի համար կատարելով մեծ աշխատանք, հավաքագրեց հայկական հին երաժշտությունը և դրանով կրկին ցույց տվեց, որ հայ ազգը ունի դարավոր պատմություն։

3. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բացատրի՛ր: 
արիաներ – վոկալային ստեղծագործություն նվագակցումով՝ մեկ ձայնի համար
մելոս – մեղեդի
անխոջ – չհոգնող, տոկուն
հուժկու – ուժեղ, հզոր

Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы