Միջավայրից ստացվող տեղեկատվության մեծ մասը ստանումմ ենք տեսողության միջոցով: Տեսողական վերլուծիչը հնարավորություն է տալիս մարդու կողմնորոշվել շրջապատի առարկաների մեջ և առաջացնել զգուշություն վտանգներից: Մարդկության ողջ փորձը, գիտելիքները և ստեղծած արվեստը փոխանցվում են սերունդներ-ին գրավոր խոսքի ձևով, որը մենք ընկալում ենք տեսողությամբ: Մարդու ուսումնառությունը և աշխատանքային գործունեությունը խորը կապ ունեն տեսողական ընկալման հետ:
Աչքի կառուցվածքը
Աչքը տեսողության օրգանն է և գտնվում է գանգի ակնակապիճում: Այն կազմված է ակնագնդից և օժանդակ տարրերից՝ հոնքեր, կոպեր, թարթիչներ, շաղկապեն, արցունքագեղձեր և ակնագնդի մկաններ: Օժանդակ տարրերը պաշտպանում են աչքը փոշուց և քրտինքից: Արցունքները խոնավացնում և մանրէազերծում են ակնագնդի մակերեսը:
Ակնագունդը պատված է երեք թաղանթներով՝ սպիտակուցաթաղանթ, ակնաթաղանթ և ցանցաթաղանթ: Սպիտակուցաթաղանթը պաշտպանում է աչքը, իսկ ակնաթաղանթը և ցանցաթաղանթը ապահովում են տեսողությունը: Ակնագունդը դիմացից ծածկում են լուսաթափանցիկ եղջերաթաղանթը և նրա տակ գտնվող աչքի գույնը պայմանավորող ծիածանաթաղանթը: Ծիածանաթաղանթի կենտրոնում կա ոչ մեծ անցք՝ բիբը, որը կարող է ռեֆլեքսորեն լայնանալ և նեղանալ՝ դրանով իսկ կարգավորել թափանցող լույսի ճառագայթների քանակը: Բբի հետևում գտնվում է ակնաբյուրեղը, որը երկուռուցիկ ոսպնյակ է: Ծիածանաթաղանթի հարևանությամբ գտնվում է թարթիչավոր մարմինը, որի մկանները փոխում են ակնաբյուրեղի կորությունը: Ակնաբյուրեղը, փոխելով կորությունը, տարբեր հեռավորությունից եկող ճառագայթներն ուղղում է ցանցաթաղանթի վրա՝ ապահովելով առարկաների հստակ պատկերի ձևավորումը:
Տեսողական վերլուծիչի աշխատանքը
Առարկաներից արտացոլված լույսի ճառագայթներն անցնում են եղջերաթաղանթի, բբի և ոսպնյակի միջոցով, բեկվում և հասնում ցանցաթաղանթին, որտեղ ձևավորվում է փոքրացած և շրջված պատկերը։ Այնուհետև նյարդային ազդակները հասնում են ուղեղ, որտեղ արտադրվում է պատկերի ճիշտ տարբերակը՝ առարկայի բնական դիրքով ու չափերով։
