Հովհանես Թումանյան
Հովհաննես Թումանյան (փետրվարի 19, 1869, Դսեղ, Բորչալուի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն — մարտի 23, 1923, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է «Սասնա ծռեր» դյուցազնավեպի «Սասունցի Դավիթ» ճյուղը։ Համարվում է ամենայն հայոց մեծ բանաստեղծ։
Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում։ 1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 թվականներին սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում։ 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում։ 1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թվականին կիսատ թողնելով ուսումը` աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ.)։ 1893 թվականից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» գրական պարբերականներին։

Ալեքսանդր Սպենդիարյան
Ալեքսանդր Ստեփանոսի Սպենդիարյան (հոկտեմբերի 20 (նոյեմբերի 1), 1871, Կախովկա, Dneprovsky Uyezd, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն- մայիսի 7, 1928, Երևան[1]), հայ մեծ կոմպոզիտոր, ում անունով է կոչվում Երևանի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ1926: Ալեքսանդր Սպենդիարյանը (Սպենդիարով) ծնվել է 1871 թվականի նոյեմբերի 1-ին (հին տոմարով՝ հոկտեմբերի 20), Ռուսական կայսրության, Տավրիկյան նահանգի, Դնեպրովյան գավառի Կախովկա քաղաքում (այժմ՝ Խերսոնի մարզ, Ուկրաինա)։ Հայրը՝ Աֆանասի Սպենդիարովը (Ստեփանոս Սպենդիարյանց) զբաղվում էր փայտանյութի առևտրով։ Մայրը՝ Նատալյա Սելինովան (Դշխուհի) Կարասուբազարի (այժմ՝ Բելոգորսկ) քաղաքագլուխ Կարպ Սելինյանի դուստրն էր։ Նրանց ընտանիքում հինգ երեխա էին մեծանում։ Ալեքսանդր Սպենդիարյանը ընտանիքի երկրորդ երեխան էր։ Երաժշտական ունակությունները նրան փոխանցվել են մորից, ով հաճախ էր նվագում հայկական ու թաթարական մեղեդիներ։ Ալեքսանդրը դաշնամուր նվագել սկսել է չորս տարեկանից։ Նրա առաջին ստեղծագործությունը մի փոքրիկ վալս էր, որը գրեց յոթ տարեկանում։

Պեպո
«Պեպո», Գաբրիել Սունդուկյանի պիեսներից, կատակերգություն, գրվել է 1870 թվականին։ Բաղկացած է երեք արարվածից կամ գործողությունից, որոնցից առաջինը և վերջինը կատարվում են Պեպոյի, իսկ երկրորդը՝ Զիմզիմովի տանը։ Պիեսի գործողությունը տեղի է ունենում Թիֆլիսում, 1870-ական թվականներին։ Պիեսում արտացոլված են այդ ժամանակի սոցիալական խնդիրները, հասարակ, ազնիվ մշակի՝ Պեպոյի պայքարը արդարության համար։ Առաջին բեմադրությունը տեղի է ունեցել 1871 թվականի ապրիլի 29-ին, Թիֆլիսում։
Պեպոյի սյուժեի հիման վրա ստեղծվել է էկրանավորումը, որը եղել է առաջին հայկական հնչյունային ֆիլմը։ Պրեմիերան տեղի է ունեցել 1935 թվականի հունիսի 15-ին, ռեժիսորը Համո Բեկնազարյանն է։ Պեպոյին առաջին բեմադրության ժամանակ մարմնավորել է Հրաչյա Ներսիսյանը, իսկ Զիմզիմովին` Ավետ Ավետիսյանը։

