Սերգեյ Փարաջանովի թանգարան

Սերգեյ Փարաջանովի թանգարան, հիմնադրվել է 1988 թվականին Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանում կազմակերպված Սերգեյ Փարաջանովի գործերի Հայրենիքում առաջին ցուցահանդեսից հետո։
Այն Երևանի ամենաշատ այցելուներ ունեցող թանգարաններից է։ Թանգարանը ներկայացնում է Փարաջանովի բազմազան գրական և գեղարվեստական ժառանգությունը։
Թանգարանի հիմնադիր տնօրենը Զավեն Սարգսյանն է։ Թանգարանը Երևանի մշակութային կենտրոններից մեկն է, հայտնի է իր ցուցահանդեսներով, հրապարակումներով, պատվավոր ընդունելություններով՝ ներառյալ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հյուրերին։ Պաուլո Կոելիո, Վիմ Վենդերս, Միքայել Վարդանով, Տոնինո Գուերա, Էնրիկա Անտոնինի, Ատոմ Էգոյան, Նիկիտա Միխալկով, Վլադիմիր Պուտին, Ալեքսանդր Լուկաշենկո, Եվգենի Եվտուշենկո, Արնոլդ Ռյուտե, Վալդաս Ադամկուս, Տարյա Հալոնեն, Դոնալդ Կնուտ այս և այլ հայտնի մարդիկ այցելել են թանգարան։
Մայր Հայաստան ռազմական թանգարան

«Մայր Հայաստան» հուշահամալիրը բացվել է 1950 թվականի նոյեմբերի 29-ին Հաղթանակ զբոսայգում։ Հեղինակը ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է։ Պատվանդանի վրա տեղադրվել էր ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Սերգեյ Մերկուրովի հեղինակած Ի. Ստալինի 17 մետր բարձրության պղնձե կոփածո արձանը։ 1951 թվականին հեղինակներն արժանացել են ԽՍՀՄ պետական մրցանակի։ 1962 թվականին հանվել է Ի. Ստալինի արձանը։ 1967 թվականին տեղադրվել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանի հեղինակած 22 մետր բարձրության պղնձե կոփածո «ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» արձանը։ Հուշահամալիրը նախագծվել է հայկական եկեղեցու կառուցվածքով, ընդհանուր բարձրությունը 51 մետր է։ 1970 թվականին բացվել է Հայաստանը Հայրենական մեծ պատերազմում 1941-1945 թվականների թանգարանը։ 1995 թվականին այն վերանվանվել է ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ ռազմական թանգարան և անցել ՀՀ Պաշտպանության նախարարության ենթակայության ներքո։ Բացվել են Արցախին և ինքնապաշտպանական մարտերին նվիրված ցուցասրահներ։
Կոմիտաս թանգարան-ինստիտուտ.

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը պաշտոնապես իր դռները բացեց 2015 թ. հունվարի 29-ին՝ նպատակ ունենալով համակողմանիորեն ներկայացնելու Կոմիտասի կյանքն ու գործունեության տարբեր ոլորտները, հանրահռչակելու նրա բազմակողմանի երաժշտական ժառանգությունը: Կոմիտասի թանգարան-ինստիտուտը կառուցելու որոշումը կայացվել է 2013 թ. մայիսի 30-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկի հիման վրա:
Մեծ կարևորություն ունեցող կառույցը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով, ունի համերգասրահ, մշտական և ժամանակավոր ցուցադրություններ: Այստեղ գործում են գիտահետազոտական կենտրոն, համերգային դահլիճ, երաժշտական ստուդիա, գրադարան:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը գտնվում է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգում և կառուցվել է նախկին մշակույթի պալատի հիման վրա: Վերջինս 1950-ական թվականներին նախագծել է ճարտարապետ Կորյուն Հակոբյանը, իսկ նորաստեղծ կառույցի ճարտարապետը Արթուր Մեսչյանն է: Ֆինանսական ծախսերը հոգացել են «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական և «Լույս» հիմնադրամները:
