Այնտեղ սարերն իրար են հանդիպել, իրենց արանքում մի մեծ ձոր են ստեղծել, որ կոչվում է Մութը Ձոր։
Մութը Ձորը բաժամում է հայերին ու թուրքերին իրարից։ Նրա մի կողմը թուրք սարվորն է իջնում, իր վրանը զարկում, մյուս կողմը՝ հայը։
Բայց նրանց իգիթները գիշերվա մթնով էլ անցնում են այս խոր անդունդը, իրարից ոչխար են գողանում, ձի, կով կամ գոմեշ են քշում։ Նրանց հովիվները հասնում են ու փետակռիվ են անում։
Մեկ էլ տեսար մի սարի ուսից տարածվեց մի զիլ ձայն՝ «Հավար հե՜յ․․․»։ Այդ ձայնը տարածվում է լեռներում, ու հանկարծ երկու կողմն էլ իրարով են անցնում։
Թուրք Ղափըչօղլին իր վրանը զարկել էր Մութը Ձորի մի կողմը։ Այնտեղից խրորխտ ու սպառնալի նայում էր դիմացը հանգրվանած հայերին։ Նրա մարդիկը այդ սարերի ամենահռչակավոր գողերն էին։ Բանտերից փախածները նրա մոտ էին թաքնվում, սարերով անցնող ավազակային խմբերը նրա հարկի տակ էին ապաստան գտնում։ Մի իրիկնադեմ վրանում թինկը տված նա զրույց էր անում իր սովորական հյուրերի հետ։ Նրանք հայտնի ավազակներ էին, որ անցնում էին լեռներով։
— Էս դիմացի հայերին լավ է տղերքը տակնուվրա չեն անում, -իր զարմանքը հայտնեց հյուրերից մի քուրդ։
— Էդքան էլ խեղճ մի կարծիր հայերին,- պատասխանեց տանտերը։
— Դրա՞նց․․․
— Հա՛, դրանց։ Դրանց մեջ Չատի անունով մի չոբան կա, իգիթ եմ ասում։
— Փա՛, հա՜,- բացականչեց վրդովված ավազակը ու շրըխկալով նստեց։
— Ի՞նչ կտաս գիշերս էնպես անեմ, որ առավոտն էլ ծուխ չբարձրանա դիմացը։
— Կապուտ ձին քեզ կնվիրեմ, պատասխանեց թուրք տանտերը։
Նրանք ձեռք ձեռքի խփեցին ու գրազ եկան։
Սարսափելի մութն են Մութը Ձորի գիշերները։
Մի մթնագիշեր էր․ անձրևն էլ անընդհատ տեղում էր միալար։ Քնած էին հայերը։ Երբեմն-երբեմն հովիվները այս կամ այն կողմից խուլ «հե՜յ-հե՜յ․․․» կանչելով, իմացնում էին, որ հսկում են դեռ։
Գիշերվա մի ժամանակը մի թմփթմփոց անցավ վրանների մոտից։ Շները վեր կացան, վրա տվին, ոչխարը խրտնեց, ձիերը փախան, տավարը ցրվեց։ Հովիվները հավար կանչեցին, հրացանները բացվեցին, և այս բոլոր սարսափներն ու ձայները խառնվելով մութին, մի դժոխային գիշեր։
— Շունը տարա՜ն, հե՜յ․․․― գոռաց աժդահա հովիվ Չատին։
— Շունը տարա՜ն․․․— ձայն տվին ամեն կողմից, ու սև սարսափը պատեց բոլորին։ Լեռներում ամեն մարդ լավ է հասկանում, թե ինչ կնշանակի՝ «Շունը տարան»։
Գողերը միշտ մի կամ երկու հոգով վազում են ընկնում են հոտի մեջ, ոչխար, ձի, տավար խրտնացնում, խառնում են իրար։ Շներն ընկնում են նրանց ետևից։ Նրանք էլ շներին հաչեցնելով տանում, հեռացնում են հոտից։ Այնուհետև խառնված, անշուն հոտի ետևից վրա են տալիս նրանց ընկերները և շփոթի ու խավարի մեջ գողանում են անասունները։
Շուտով հետևեց երկրորդ հարձակումը, հարահրոցն ընկավ, հրացանները բացվեցին, ամեն բան խառնվեց իրար։
Մթնում ոչինչ չէր երևում։ Փայլակի լուսով վայրկենաբար բացվում էր ահռելի տեսարանը, բայց մարդու աչքերը որոշ բան չէին կարող նկատել այն թոհուբոհի մեջ։ Աչքերը չէին կարող նկատել, բայց հրացանների ձայները ցույց էին տալիս, թե որ կողմից են գնում,— հովիվների աղաղակը, որ կանչում էին՝ «Տարա՜ն, տարա՜ն․․․ Ալաբաշ, հե՜յ․․․»։
Այդ ձայներն էլ հետզհետե հեռացան, նվազեցին, ու էլ ոչինչ չէր լսվում։
Անձրևը միալար շրըփում էր, և ամպը խուլ ճայթում ու որոտում հեռու լեռներում։
Լուսադեմին տղերքը վերադարձան։ Դեռ հեռվից լսվում էր նրանց ուրախ-ուրախ խոսքն ու ծիծաղները թանձր մշուշի մեջ։ Ապրանքն առան ու անվնաս ետ բերին հանձնեցին սարվորին, իրենք հավաքվեցին հովիվ Չատիի վրանը, որ հաց ուտեն։
Նրանք իրենց հետ բերել էին մի քրդի քոլոզ, վահանն ու թուրը։
Իսկույն տարածվեց, թե տղերքը մի քուրդ են սպանել, ու հետաքրքրված սարվորները եկան խռնվեցին վրանի ներսն ու դռների արանքում։ Չատնի մայրը սոված հովիվների համար կրակի վրա կերակուր էր շինում ու հետն էլ իրեն-իրեն դունդունում.
Ա տղա, նա էլ մեր կունենա՜․․․Ա տղա, հիմի նրա մերը ճամփա կպահի՜․․․Ա տղա, կասի, տղես ետ չեկավ․․․Ա տղա, ճամփա կպահի՝ ետ չի գնա՜լ․․․
Գլուխներն օրորելով նրան ձայնակցում էին մի քանի ուրիշ կանայք։ Այնինչ հովիվները սարվորին պատմում էին, թե բանն ինչպես եղավ։
— Չորս կողմից հավաքեցինք, տարանք արինք մի ձոր։ Էստեղ սրանց տեղը որ նեղացրինք, սրանք ապրանքը թող արին, ու ամենքը մի կողմի վրա փախան։ Մեկին քշեցի, տարա քարափին դեմ արի։ Որ քարափին դեմ էլավ, մին էլ տեսա ետ դառավ, թուրը հանեց, վրա քշեց, թե՝ գլուխդ ազատի, միջիցդ կես եմ անում. դագանակը պտտեցի, ուսախառը վեր բերի, ա՛ռ հա կտաս․․․
— Ա՛յ տո՜ւր,— բացականչեցին սարվորները։
— Շրըխկալով փռվեց,, -վերջացրեց Չատին իր պատմությունը։
— Հա՛, հա՛, հա՛, հա՛,— քահ-քահ խնդացին սարվորները։
Այս դեպքից մի քանի շաբաթ անց էր կացել։ Մի օր շները հաչեցին․ դուրս եկան, տեսան մի պառավ քուրդ ձայն էր տալի ներքևից։
— Ի՞նչ ես ուզում, ա՛ քիրվա։
— Չոբան Չատնի վրանն եմ ուզում,— ասավ քուրդը։
Բերին չոբան Չատնի վրանը։ Չատին հաց դրեց հյուրի առաջ։ Դեսից-դենից խոսեցին, մինչև հացը կերավ, պրծավ։ Երբ որ հացը կերավ, պրծավ, Չատին հարցրեց․
— Խեր ըլի, ընչի՞ համար էր եկել քիրվան։
— Էստեղ մի քանի շաբաթ առաջ մի քուրդ են սպանե՞լ,— խոսեց հյուրը։
— Սպանել են,— պատասխանեց հովիվը։ — Ասում են՝ դու ես սպանել։
— Դրուստ է։
— Ես նրա հայրն եմ,— ասավ ծերունին։— Եկել եմ, որ նրա արինը քեզ հալալ անեմ։ Դու նրան ճամփին չես սպանել, իր տանը չես սպանել․․․ Քանի անգամ ասի՝ ա՛յ որդի, ձեռը վեր կալ էդ հարամ ճամփից, հեռու կաց էդ ընկերներից․ ուրիշները քեզ համար չեն աշխատել․․․ ինձ չլսեց։ Երևի էդպես մահը մոտեցել էր,— ասավ քուրդը ու գլուխը քաշ արավ, լռեց։
— Հավատիդ հաստատ կենաս, որ արդարն ես խոսում,— չորս կողմից ձայն տվին սարվորներն, ու իրենք էլ լռեցին։
— Արինը քեզ հալալ,— բացականչեց ծերունին,— միայն մայրը․․․ գիտես էլի, մայր է․․․ չի հանգստանում․․․ Շորերն ինձ տվեք, տանեմ, շորերի վրա լաց ըլի, իր սիրտը հովացնի, իր կարոտն առնի։
Չատին բերեց, ծերունուն հանձնեց արյունոտ քոլոզը, վահանն ու թուրը, մի ոչխար էլ առաջն արավ ու շներն անցկացրեց, տարավ ճամփու գցեց։
— Դե մնաս բարով, զավակս,— հրաժեշտ տվավ ծերունի քուրդը։
— Գնաս բարով, քիրվա՛։
Առաջադրանքներ
- Հովիվների համար ի՞նչ է նշանակում «շունը տարան» արտահայտությունը:
- Թավ գրված բառերը բառարանով բացատրեք և սովորեք:
- Շեղ գրված արտահայտությունների իմաստները բացատրեք բառարանի օգնությամբ:
- Ինչո՞ւ է պատմվածքը կոչվում գրազ:
- Գտեք պատմվածքում հովիվ Չատիի մոր խոսքերը, դուրս գրեք և մեկնաբանեք, թե ինչու էր քրդի համար լաց լինում:
- Ի՞նչ հասկացաք պատմվածքից:
- Ինչո՞ւ քրդի հայրը չմեղադրեց հովիվ Չատիին՝ իր որդուն սպանելու համար։
