Ակսել Բակունց կենսագրությունն

Ակսել Բակունցը, որի իսկական անունը Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան էր, ծնվել է 1899 թվականի հունիսի 13-ին Գորիսում։ Նրա ծնողները՝ Ստեփանն ու Բոխչագյուլը, ժամանակին ունեցել են հող և որոշակի հարստություն, սակայն հետագայում կորցրել են իրենց ունեցվածքը։ Բակունցը ընտանիքի տասը երեխաներից ավագ տղան էր։

Նա հինգ տարի սովորել է Գորիսի ծխական դպրոցում։ Լավ սովորելու շնորհիվ ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան։ Բակունցը դեռ փոքր տարիքից հետաքրքրվել է գրականությամբ։ Նրա առաջին ստեղծագործությունը՝ «Հիմար մարդը», տպագրվել է 1913 թվականին, երբ նա ընդամենը 14 տարեկան էր։

1915-1916 թվականներին, գաղթի պատճառով, Գևորգյան ճեմարանը փակվել է։ Բակունցը վերադարձել է Գորիս, իսկ հետո որպես ուսուցիչ աշխատել է Լոր գյուղում։ «Բակունց» ազգանունը Թևոսյանների տոհմական ազգանվան հնչյունափոխված ձևն է։ Իսկ «Ակսել» անունը նա վերցրել է նորվեգացի գրող Բյոռնսոնի «Նորապսակներ» պիեսից։

1917 թվականին, ընդամենը 18 տարեկանում, Բակունցը կամավորագրվել է և մասնակցել Կարինի ու Կարսի կռիվներին, իսկ հետո՝ Սարդարապատի ճակատամարտին։ Պատերազմի և իր տեսած ողբերգությունների ազդեցությունը շատ մեծ էր նրա վրա։ Այդ տարիների տպավորությունների հիման վրա նա գրել է «Աղոթք» և «Անտառում» ստեղծագործությունները։

Հետագայում Բակունցը սովորել է Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտում և ավարտելուց հետո աշխատել է որպես գյուղատնտես։ Նա աշխատել է նաև հայրենի լեռնաշխարհում, և այդ տարիներին ավելի լավ է ճանաչել գյուղացիների կյանքը, աշխատանքն ու դժվարությունները։

25 տարեկանում Բակունցն ամուսնացել է Վարվառա Չիվիջյանի հետ, ում հետ ծանոթացել էր Խարկովում սովորելու տարիներին։ Նրանք ունեցել են մեկ որդի՝ Սևադան։ Հետագայում Բակունցը տեղափոխվել է Երևան, մտերմացել Եղիշե Չարենցի և Գուրգեն Մահարու հետ և դարձել «Նոյեմբեր» գրական խմբակի անդամ։

1927 թվականին լույս է տեսել նրա առաջին հայտնի ժողովածուն՝ «Մթնաձորը»։ Իր ստեղծագործություններում Բակունցը նկարագրում էր հայրենի բնությունը, գյուղական կյանքը և այդ բնության հետ կապված մարդկանց։ Նա ցույց էր տալիս ոչ միայն նրանց առօրյան, այլև նրանց հոգու գեղեցկությունը, ցավերն ու դժվարությունները։

1933 թվականին լույս է տեսել նրա հաջորդ ժողովածուն՝ «Սև ցելերի սերմնացանը»։ Բակունցը գրել է նաև «Կյորես» երգիծական վիպակը, «Խաչատուր Աբովյան» և «Կարմրաքար» ստեղծագործությունները, ինչպես նաև կինոսցենարներ։ Նա զբաղվել է նաև թարգմանությամբ։ Թարգմանել է Գոգոլի «Տարաս Բուլբան» և աշխարհաբարի է վերածել Վարդան Այգեկցու «Աղվեսագիրքը»։

Ակսել Բակունցի բնավորության կարևոր գծերից էին նրա զգայունությունը, աշխատասիրությունը, հայրենասիրությունը և բնության հանդեպ սերը։ Նա շատ կապված էր իր հայրենի Գորիսի և Սյունիքի բնաշխարհի հետ։ Իր ստեղծագործություններում նա մեծ սիրով էր նկարագրում լեռները, դաշտերը, գյուղերը և հասարակ մարդկանց կյանքը։ Պատերազմի տարիներին տեսած ողբերգությունները նույնպես ցույց են տալիս, որ նա շատ զգայուն մարդ էր և խորապես ապրում էր իր ժողովրդի ցավը։

Բակունցը նաև կրթված և բազմակողմանի զարգացած մարդ էր։ Նա միաժամանակ զբաղվել է գրականությամբ, գյուղատնտեսությամբ, թարգմանությամբ և կինոսցենարներով։ Նրա ստեղծագործություններում երևում է մարդու և բնության նկատմամբ մեծ ուշադրությունն ու սերը։

Սակայն նրա կյանքը ողբերգական ավարտ ունեցավ։ 1930-ական թվականներին նրա դեմ սկսեցին զրպարտություններ տարածվել։ 1936 թվականի օգոստոսի 9-ին Ակսել Բակունցը ձերբակալվեց։ Նրան մեղադրեցին հակահեղափոխական և ազգայնամոլական գործունեության մեջ։ Բանտում նա երկար ժամանակ ենթարկվեց ծանր պայմանների և տանջանքների։ Նա բազմաթիվ նամակներ էր գրում՝ փորձելով ապացուցել իր անմեղությունը, սակայն դրանք արդյունք չտվեցին։

Բակունցի կյանքը կարճ էր, բայց նրա թողած գրական ժառանգությունը շատ արժեքավոր է։ Նա իր ստեղծագործություններում պահպանեց Հայաստանի բնության, գյուղի և հասարակ մարդկանց կյանքի բազմաթիվ պատկերներ։ Ակսել Բակունցը հայ գրականության մեջ մնաց որպես տաղանդավոր, զգայուն, հայրենասեր և բնությունը խորապես սիրող գրող։

Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы