Այս օրերին դպրոցում մասնակցում եմ ավագ դպրոցի հետազոտական վարժարանի մուտքի ճամբարին։ Ճամբարը նախատեսված է չորս օրով, որոնցից արդեն երկուսն անցել են։ Այս ընթացքում հասցրել ենք մասնակցել բազմաթիվ հետաքրքիր և օգտակար դասերի ու աշխատանքների, որոնք ինձ համար բավականին տպավորիչ էին։
Առաջին հերթին ունեցել ենք խոսքի մշակույթի պարապմունքներ, որտեղ քննարկել ենք տարբեր թեմաներ, արտահայտել մեր տեսակետները և սովորել ավելի հիմնավորված ներկայացնել մեր մտքերը։ Քանի որ ես ընդգրկված եմ օտար լեզվի աշխատարանում, մասնակցել եմ նաև անգլերենի և իսպաներենի դասերին։ Անգլերենի ընթացքում ունեցել ենք հետաքրքիր քննարկումներ, որոնք վարել ենք հենց անգլերենով։
Ճամբարի ընթացքում սովորել ենք նաև բլոգավարություն։ Ստեղծել ենք մեր բլոգները, ծանոթացել դրանց հնարավորություններին և կատարել առաջին աշխատանքները։ Ինձ համար ամենահետաքրքիրը հետազոտական աշխատանքի դասերն էին, որոնց ընթացքում ծանոթացանք հետազոտության կառուցվածքին, հանդիպեցինք տարբեր մասնագետների և փորձեցինք ինքնուրույն ձևակերպել մեր հետազոտության թեման, նպատակը և խնդիրները։
Երկրորդ օրվա ավարտին մասնակցեցինք ինտելեկտուալ խաղի, որը կազմակերպել էր մեր ուսուցիչը։ Խաղը շատ հետաքրքիր էր, ստեղծեց հաճելի մթնոլորտ և հնարավորություն տվեց օրը ավարտել լավ տրամադրությամբ։
Ընդհանուր առմամբ, այս երկու օրերը շատ արդյունավետ և հետաքրքիր էին։ Կարծում եմ՝ ճամբարի հաջորդ օրերն էլ կլինեն նույնքան բովանդակալից և հիշարժան։
