Արագածի բարձունքի հաղթահարման ամփոփում

Առավոտյան ժամը 7։30-ին բոլորս հավաքվել էինք Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ։ Ժամը 8-ին, երբ արդեն բոլորը պատրաստ էին, սկսեցինք մեր հետաքրքիր ճանապարհորդությունը։

Սկզբում իջանք և քայլեցինք դեպի Քարի լիճ։ Ճանապարհին բացվող գեղեցիկ տեսարաններն իսկապես հիացնում էին մեզ։ Երբ հասանք լճի մոտ, շրջվեցինք դեպի Արագածի բարձրունքները։ Թեև ճանապարհը երկար էր, այն մեզ այդքան էլ երկար չէր թվում, քանի որ ամբողջ ընթացքում երգում էինք, կատակում և ծիծաղում։

Մոտ մեկ ժամ քայլելուց հետո կանգ առանք մի փոքր հանգստանալու և նախաճաշելու։ Մոտ 30 րոպե հանգստանալուց հետո նորից շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Արագած։ Ճանապարհը բավականին դժվար էր, սակայն բոլորս միասին կարողացանք հաղթահարել այն։

Երբ հասանք բարձրունքին, մեր առջև բացված տեսարանը պարզապես հրաշալի էր։ Այնքան գեղեցիկ էր, որ այդ պահին մոռացանք ճանապարհի ընթացքում ունեցած հոգնածության և դժվարությունների մասին։ Բոլորս շատ ուրախ ու երջանիկ էինք, որ կարողացանք հասնել այդպիսի գեղեցիկ վայր և տեսնել այդ հիասքանչ բնությունը։

Սակայն շուտով նկատեցինք, որ երկնքում ամպերը սկսել էին կուտակվել, ուստի որոշեցինք շատ չուշանալ և վերադառնալ։ Վերադարձի ճանապարհին անձրև սկսվեց, իսկ որոշ հատվածներում նույնիսկ կարկուտ էր գալիս։ Չնայած եղանակային դժվարություններին՝ մեր տրամադրությունը չփոխվեց։ Մենք շարունակում էինք ծիծաղել, կատակել և միասին վայելել ճանապարհը։Այս ճամփորդությունն ինձ շատ դուր եկավ, որովհետև այն ոչ միայն հետաքրքիր ու զվարճալի էր, այլև հնարավորություն տվեց տեսնելու այնպիսի գեղեցիկ տեսարաններ, որոնք երկար ժամանակ կմնան իմ հիշողության մեջ։ Արագածի բնությունն ու այդ օրվա տպավորությունները մինչ օրս աչքերիս առաջ են։

Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы