1. Հասկացությունների ընկալում
1. Ի՞նչ է լեզվակռիվը։ Ինչո՞վ է տարբերվում սովորական զրույցից։
Լեզվակռիվը վեճ է, որի ժամանակ մարդիկ կարող են բարկանալ և վիրավորել միմյանց։ Սովորական զրույցի ժամանակ մարդիկ հանգիստ խոսում և փոխանակվում են կարծիքներով։
2. Ի՞նչ է քննարկումը։ Ո՞րն է դրա նպատակը։
Քննարկումը որևէ հարցի շուրջ կարծիքների փոխանակումն է։ Նպատակն է ավելի լավ հասկանալ խնդիրը։
3. Ի՞նչ է բանավեճը։ Ինչո՞վ է տարբերվում քննարկումից։
Բանավեճը տարբեր կարծիքների հիմնավորումն է։ Բանավեճում մարդիկ ավելի շատ փորձում են փաստերով պաշտպանել իրենց տեսակետը։
4. Կարո՞ղ է քննարկումը վերածվել լեզվակռվի։
Այո, եթե մարդիկ սկսեն բարկանալ, չլսել միմյանց կամ վիրավորել։
5. Կարո՞ղ է բանավեճը վերածվել լեզվակռվի։
Այո։ Օրինակ՝ եթե մարդիկ սկսեն վիրավորել միմյանց՝ իրենց կարծիքը պաշտպանելու փոխարեն։
6. Լեզվակռվի ժամանակ մարդիկ ավելի շատ փորձում են հասկանալ, թե՞ հաղթել։
Կարծում եմ՝ ավելի շատ փորձում են հաղթել, քանի որ չեն լսում դիմացինին և ուզում են ապացուցել, որ իրենք ճիշտ են։
2. Վերլուծական հարցեր
1. Ի՞նչը կարող է որոշել՝ զրույցը քննարկում, բանավեճ, թե լեզվակռիվ կլինի։
Մարդկանց պահվածքը, խոսելու ձևը և միմյանց լսելու կարողությունը։
2. Հակառակ կարծիքը կարո՞ղ է ինքն իրեն կոնֆլիկտ առաջացնել։
Ոչ։ Կոնֆլիկտ առաջանում է, երբ մարդիկ չեն հարգում միմյանց կարծիքը։
3. Կարո՞ղ է մարդը պաշտպանել իր կարծիքը՝ հարգելով մյուսին։
Այո։ Պետք է հանգիստ խոսել, փաստեր բերել և չվիրավորել դիմացինին։
4. Ի՞նչ տարբերություն կա «Դու սխալ ես» և «Ես համաձայն չեմ քո տեսակետի հետ, որովհետև…» արտահայտությունների միջև։
«Դու սխալ ես»-ը կտրուկ է։ Երկրորդը ավելի հանգիստ է և թույլ է տալիս բացատրել սեփական կարծիքը։
5. Ինչո՞ւ են մարդիկ երբեմն անցնում անձնական վիրավորանքների։
Երբ չեն կարողանում հիմնավորել իրենց կարծիքը կամ բարկանում են։
6. Կարո՞ղ է մարդը բանավեճում փոխել իր կարծիքը։
Այո։ Դա պարտություն չէ, քանի որ մարդը կարող է նոր բան հասկանալ կամ նոր փաստ լսել։
7. Ի՞նչն է ավելի կարևոր՝ հաղթելը, թե՞ հիմնավորված տեսակետ ներկայացնելը։
Ավելի կարևոր է հիմնավորված տեսակետ ներկայացնելը, որովհետև այդպես կարելի է ավելի լավ հասկանալ հարցը։
8. Ի՞նչ դեր ունեն փաստերն ու օրինակները։
Դրանք օգնում են ավելի լավ հիմնավորել կարծիքը։ Միայն անձնական կարծիքը միշտ բավարար չէ մյուսին համոզելու համար։
3. Իրավիճակների վերլուծություն
Իրավիճակ 1 – Բանավեճ։
Նրանք տարբեր կարծիքներ ունեն, բայց բերում են օրինակներ և փաստարկներ։
Իրավիճակ 2 – Լեզվակռիվ։
Նրանք վիրավորում են միմյանց և չեն փորձում հանգիստ քննարկել հարցը։
Իրավիճակ 3 – Քննարկում։
Սովորողները ներկայացնում են իրենց կարծիքները և փորձում են դրանք հիմնավորել։
Իրավիճակ 4 – Լեզվակռվի անցնելու դեպք։
Սովորողը չի պատասխանում փաստարկին, այլ խոսում է դիմացինի մասին։
Հարց․ Ո՞ր իրավիճակներում է մասնակիցը հեռանում թեմայից։
4-րդ իրավիճակում, որովհետև նա քննարկվող հարցի փոխարեն քննադատում է մարդուն։
4. Ինքնուրույն վերլուծական աշխատանք
Թեմա՝ բջջային հեռախոսների օգտագործումը դպրոցում
Ո՞րն է խնդիրը։
Պետք է որոշել՝ կարելի՞ է դպրոցում օգտագործել հեռախոսները դասերի ժամանակ։
Ի՞նչ տարբեր տեսակետներ կարող են լինել։
Ոմանք կարող են կողմ լինել, իսկ մյուսները՝ դեմ։
Կողմ տեսակետի փաստարկը։
Հեռախոսը կարող է օգնել դասի ժամանակ տեղեկություն գտնել։
Դեմ տեսակետի փաստարկը։
Հեռախոսը կարող է շեղել աշակերտի ուշադրությունը դասից։
Ի՞նչ հակափաստարկներ կարող են լինել։
Հեռախոսը կարելի է օգտագործել միայն ուսումնական նպատակով և ուսուցչի թույլտվությամբ։
Ինչպե՞ս քննարկել առանց լեզվակռվի։
Պետք է հանգիստ խոսել և լսել մյուսների կարծիքը։
Ի՞նչ կանոններ պետք է պահպանել։
Պետք է հերթով խոսել, լսել միմյանց, չվիրավորել և հիմնավորել կարծիքը։
Ի՞նչ տարբերություն կա համոզելու և պարտադրելու միջև։
Համոզել նշանակում է բացատրել և փաստերով ներկայացնել կարծիքը, իսկ պարտադրել՝ ստիպել մյուսին ընդունել այն։
Ե՞րբ կարող է բանավեճը օգնել։
Երբ մարդիկ լսում են միմյանց, բերում են փաստեր և հարգում են տարբեր կարծիքները։
5. Վերջնական մտածելու հարց
Եթե երկու մարդ երբեք չեն փոխում իրենց կարծիքը, արդյո՞ք նրանց միջև իրական քննարկում կամ բանավեճ կարող է տեղի ունենալ։
Պատասխանը ներկայացրե՛ք փոքրիկ վերլուծական տեքստի ձևով՝8–10 նախադասությամբ։ Ձեր տեսակետը հիմնավորե՛ք օրինակներով։
Այո, երկու մարդ կարող են իրական քննարկում կամ բանավեճ ունենալ, նույնիսկ եթե իրենց կարծիքը չեն փոխում։ Կարևոր է, որ նրանք լսեն միմյանց։ Յուրաքանչյուրը կարող է ներկայացնել իր տեսակետը։ Օրինակ՝ երկու աշակերտ կարող են տարբեր կարծիք ունենալ դպրոցում հեռախոսների օգտագործման մասին։ Նրանք կարող են բերել տարբեր փաստարկներ։ Նույնիսկ եթե վերջում ոչ մեկը չփոխի իր կարծիքը, նրանք կարող են ավելի լավ հասկանալ միմյանց։ Քննարկման նպատակը միշտ չէ, որ դիմացինին համոզելն է։ Կարևոր է նաև նոր տեղեկություն ստանալը։ Պետք է հարգել դիմացինի կարծիքը։ Այդ դեպքում քննարկումը կարող է լինել օգտակար և հանգիստ։
