(1) Աշխարհահռչակ կոմպոզիտորը՝ Արամ Խաչատրյանը, այն հազվագյուտ արվեստագետներից է, որոնք կենդանության օրոք արժանացան համաշխարհային փառքի և ճանաչման: (2) Մի հանգամանք, սակայն, զայրացնում էր Խաչատրյանին. որ երկիրն էլ այցելեր, նախ և առաջ հատուկ հիացմունքով կատարում էին «Սուսերով պարը»՝ գրված «Գայանե» բալետի համար: (3)-Թողած «Սպարտակը», իմ մյուս ստեղծագործությունները՝ միշտ պատահականորեն ստեղծված այդ պարի մասին են խոսում,- հաճախ էր ասում նա՝ չափազանց վրդովված: (4) Երբ Խաչատրյանը գրեց «Գայանեն», նախնական տարբերակում «Սուսերով պարը» չկար. ահա զավեշտալի մի պատմություն՝ կապված «Սուսերով պարի» ստեղծման հետ: (5) Բալետը Մոսկվայում պատրաստվում էր բեմադրության, իսկ ինքը՝ հեղինակը, այդ օրերին Կույբիշևում էր: (6) Մի օր անսպասելիորեն կոմպոզիտորի տանը հայտնվեցին Մեծ թատրոնի մի խումբ աշխատակիցներ տնօրենի ուղեկցությամբ. պարզվեց՝ «Գայանեի» մեջ ընդգրկված մի անվանի մենապարուհի դժգոհ է, որ չունի անձամբ իր համար գրված պար:(7) -Արա՛մ Իլյիչ, Ձեզ համար ի՞նչ դժվար բան է մի պար հորինելը,- աղերսական ձայնով խնդրում էին եկվորները.- խնդրում ենք մտնել մեր անելանելի վիճակի մեջ:(8) Խաչատրյանը զայրացավ. հանպատրաստից ինչպե՞ս կարելի է ստեղծագործել. դա արդեն քմահաճույք է: (9) Բայց ինչ կարող էր անել. մարդիկ երկար ճանապարհ էին կտրել-անցել: (10) Բարկացած նստեց դաշնամուրի մոտ և մատներով հենց այնպես հարվածեց ստեղներին՝ խռովված հոգին հանգստացնելու համար: (11) Զգաց՝ բարկության պահին իջեցրած հարվածները յուրահատուկ չափով հնչեցին: (12) Մի քանի օր անց թատրոնի աշխատակիցները հրաժեշտ տվեցին կոմպոզիտորին խանդաղատանքով՝ Մոսկվա տանելով «Սուսերով պարի» նոտաները. այդ մոլեգնող մեղեդին համընդհանուր ընդունելություն գտավ: (13) Անգլիայում մեծանուն կոմպոզիտորը հրավեր ստացավ առաջին նախարարից: (14) Երբ ուղեկցող անձանց հետ մտավ լուսավոր առանձնարանի ընդարձակ հյուրասենյակը՝ ձեղունից կախված հսկայական ջահով, ոչ ոք չդիմավորեց նրան: (15) Շքեղաշուք դահլիճը դատարկ էր ու լուռ: (16) Սովոր լինելով լեփ-լեցուն դահլիճների և հոտնկայս ծափահարությունների՝ Խաչատրյանն ապշեց: (17) Բայց կատարվեց անսպասելին. դիմացի պատին տեսավ իր մեծադիր նկարը՝ դիրիժորական փայտիկը ձեռքին, և երփներանգ ծաղիկների մեծ փնջեր՝ բյուրեղապակյա ծաղկամաններով դրված նկարի տակ: (18 )Նա մերթ ակնապիշ նայում էր նկարին, մերթ շուրջբոլորը, երբ նկարի հետևից որոտընդոստ ձայնով հնչեց «Սուսերով պարը»: Ըստ Ռ. Զարյանի
Առաջադրանքներ
1. 13-րդ և 14-րդ նախադասություններից դուրս գրել 4 ածական
- մեծանուն
- լուսավոր
- ընդարձակ
- հսկայական
2. 12-րդ նախադասությունից դուրս գրել 2 դերանուն և որոշել տեսակը
- մի քանի — անորոշ քանակական դերանուն
- այդ — ցուցական դերանուն
3. 15-րդ նախադասության «դատարկ» և «լուռ» բառերի երկուական հոմանիշ
- դատարկ — ամայի, չլցված
- լուռ — անձայն, անխոս
4. 10-րդ և 12-րդ նախադասություններից դուրս գրել անկախ դերբայների օրինակներ
- բարկացած — հարակատար դերբայ
- հանգստացնելու — անորոշ դերբայ
- տանելով — համակատար դերբայ
- մոլեգնող — ենթակայական դերբայ
5. 10-րդ նախադասության դիմավոր բայերի եղանակը, ժամանակաձևը, դեմքը, թիվը
| Բայ | Եղանակ | Ժամանակ | Դեմք | Թիվ |
| նստեց | սահմանական | անցյալ կատարյալ | 3-րդ | եզակի |
| հարվածեց | սահմանական | անցյալ կատարյալ | 3-րդ | եզակի |
6. 18-րդ նախադասությունից դուրս գրել 2 անհոդակապ բարդ բառ
- որոտընդոստ
- շուրջբոլորը
7. 6-րդ նախադասությունից դուրս գրել Ա ներքին հոլովման պատկանող 2 գոյական
- տուն (տան)
- խումբ (խմբի)
8. 3-րդ նախադասությունից դուրս գրել ածանցավոր 2 բառ
- պատահականորեն (–որեն)
- վրդովված (–ված)
9. 17-րդ նախադասությունից դուրս գրել ուղիղ խնդրի 2 օրինակ
- իր մեծադիր նկարը
- երփներանգ ծաղիկների մեծ փնջեր
10. 5-րդ նախադասությունից դուրս գրել բացահայտիչը և բացահայտյալը, նշել տեսակը
- Բացահայտյալ — ինքը
- Բացահայտիչ — հեղինակը
- Տեսակը — բուն բացահայտիչ
11. 13-րդ նախադասությունից դուրս գրել տեղի պարագայի 1 օրինակ
— Անգլիայում
12. 12-րդ նախադասությունից դուրս գրել հետադաս դերբայական դարձվածը
— Մոսկվա տանելով «Սուսերով պարի» նոտաները
13. 10-րդ և 11-րդ նախադասություններից ո՞րն է համադասական
10-րդ նախադասությունը
«Բարկացած նստեց դաշնամուրի մոտ և մատներով հենց այնպես հարվածեց ստեղներին՝ խռովված հոգին հանգստացնելու համար»։
14. 3-րդ նախադասության ուղղակի խոսքը փոխակերպել անուղղակի խոսքի
Նա հաճախ էր չափազանց վրդովված ասում, որ թողած «Սպարտակը»՝ իր մյուս ստեղծագործությունները միշտ խոսում են այդ պատահականորեն ստեղծված պարի մասին։
